Սփյուռքահայ կինոբեմադրիչ ՀԱԿՈԲ ԳՈՒԴՍՈՒԶՅԱՆԻ հեղինակած «Իմ որդին հայ պիտի լինի», «Հայկական արձագանքներ», «Հայ տարագիր», «Հայաստանի աշուղները» վավերագրական ժապավեններն ազգային արմատների բացահայտման ներքին մղումով թելադրված մի ուրույն ճամփորդություն են ներկայացնում:
Կեսարիայից Եգիպտոս գաղթած նախնիներից սերող հայորդին, ով 10 տարեկանում մշտական բնակություն է հաստատել Կանադայում, իրեն հանդիպած բախտակիցների տարագրության «երթուղիների քարտեզագրմամբ» և արտասովոր անձնապատումներով ֆիլմից ֆիլմ աննկատ ամբողջացնում է պատմական հանգամանքների բերումով հայրենիքից օտարված հայ վտարանդու հավաքական կերպարը: Առեղծվածային ինքնության աստիճանական վերծանմամբ նա ինքնաճանաչման իմաստնությամբ է հարստացնում սեփական ազգային նկարագիրը: Տարերային զգացողությունների իրական ակունքների փնտրտուքի պարզ կինոշարադրանքը օտարազգիներին ուշագրավ հրամցնելով` այդպիսով նաև հայության հինավուրց բազում վկայագրերն է հանրաճանաչում Հակոբ Գուդսուզյանը:
ՄԱՅՐ ԱԹՈՌԸ, ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԱՐԱԳԱԾԸ` ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
Հայտնի մտավորական Արամ Գուդսուզյանի (1914-1974 թթ.) Հակոբ որդին վեց տարեկանից հոր նկարահանած գովազդային հեռուստահոլովակների «գլխավոր դերակատարն» էր: Թվում էր` կինոաշխարհում հաստատվելն առանձնակի դժվարություն չպիտի ներկայացներ ոլորտի «խոհանոցին» մանկուց քաջածանոթ ուշիմ հայորդու համար: Թե՛ ծննդավայր Կահիրեում, թե՛ տարագրության հաջորդ «հուսալի» հանգրվաններ Մոնրեալում ու Տորոնտոյում, սակայն, կինոարտադրությունը զարգացած չէր:
Ընտանեկան հանգամանքներն էլ բարենպաստ չեն եղել: Երբ Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանկարծամահ է եղել հոգաբարձուների խորհրդի անդամ, «Բուրաստան» պարբերականի խմբագիր հայրը, Հակոբը հարկադրված է եղել ապավինել սեփական ջանասիրությանը: Լռել է պատանեկան բանաստեղծական քնարը: Մտահոգված ազգերի ծագման ու պատմական զարգացման խնդիրներով` ձեռնարկել է առաջին աշխատանքները` կարճառոտ կինոնովելներ մեքսիկացի մի նկարչի գրաֆիկայի «սրտագրի» և փուչիկներ վաճառող մանչուկի մասին: Սարոյանական աշխարհին հարազատ գողտրիկ մարդապատումներ, որոնցով սկիզբ դրվեց նորելուկ կինոգործչի ստեղծագործական տարեգրությանը: Շուտով աշխարհաճանաչման աննախադեպ հնարավորություն գտավ Քվեբեկի և Օնտարիոյի ռադիոհեռուստակայաններում կենսագործած տարաբնույթ հեռուստաշարերով: Ընտրելով գիտական խորհրդականներ ըստ թեմաների` 9-12 տարեկան երեխաների նախասիրությունները լուսաբանող գիտահանրամատչելի հեռուստածրագրեր թողարկեց: Մանկապատանեկան ստվար լսարանի անպարպելի հարցասիրությունը գոհացնելով անմիջական երկխոսության ու սոցիոլոգիական հետազոտությունների ճշգրտած բովանդակությամբ` ցանկալի հեռուստահյուրը դարձավ բազմահազար ընտանիքների: Կյանքի ալիքով իրեն էին հասնում նորանոր հեռուստաֆիլմերի սցենարները: Երկարատև ու համառ պրպտումներով ծնվում էին նյութի լիավյուն բացահայտմանն օժանդակող զգացողությունները: Մարդկային կորուսյալ տոհմերի անհետացման գործոնների գիտապատմական «պեղումներով» 80-ականներից ամբողջացվող ծավալուն հեռուստանախագծում մտադիր էր բերբերների, բասկերի, շումերների, հրեաների, ասորիների և այլոց ծագումնաբանությանը զուգահեռ ներկայացնել նաև հայերինը: Կանադայի «Զորյան» ինստիտուտի ընձեռած հնարավորություններով ընդլայնեց իմացության շրջանակները: Վերժինե Սվազլյանի միջոցով գտավ Մեծ եղեռնի մի շարք ականատեսների: Հայոց ցեղասպանության մասին 1919-ին նկարահանված առաջին ֆիլմի ահասարսուռ պատկերների անքանակ վկայությունները գտավ Դեր Զորում: Հայի ինքնության զգացողությունների հողեղեն խորագնա արմատները շերտ առ շերտ բացվեցին: Ավելին իմանալու նվիրական մղումով շրջագայեց աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներով: Մտերմիկ զրույցի բռնվեց հայարմատ եթովպացու ու ֆրանսիացու, հույնի ու ամերիկացու, իրանցու ու չինացու հետ:
Հաճախացան այցելությունները մայր հայրենիք: Տարագիր հայերի սերունդների զգացողությունները համադրեց ի ծննդենե իր մեջ անթեղվածների հետ: Երազանք մնաց «Կորած ազգերի» իրականացումը: Զարմանալիորեն որևէ հովանավոր չգտնվեց նույնիսկ Հայաստանում: Բայց ժողովված հարուստ նյութը սեփական ինքնության բացահայտման անփոխարինելի համալսարանի արժեք ձեռք բերեց:
Ստեղծագործական խմբով 2004-ին նկարահանած «Իմ որդին հայ պիտի լինի» վավերագրական ժապավենը տեղ գտավ Կանադայի ազգային կինոկենտրոնի ֆիլմադարանում: Հաջորդ տարվա ապրիլի 24-ից Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքներն սկսեցին մշտապես ցուցադրել Գուդսուզյանի ֆիլմերը: «Goudsou» ստուդիան, «տեղական պահանջները» բավարարելուն համընթաց, համարձակվեց զարգացնել հայկական թեման: Շուրջ 250 հեռուստաֆիլմերի փորձառությամբ կարողացավ Հայաստանում նկարահանել ազգայինը խորհրդանշող անզուգական 5-6 կինոպատում: Հողի աշխատավորի երգն ու պարը, հումորաշաղախ ասքն ու թատերականացված ծեսը, մոգական խաչքարն ու կիսավեր մատուռը, ձեռագործ գորգն ու ծաղկած ծիրանենին, Սևանա լիճն ու երկնասլաց բարդին բազմերանգեցրին հայկական զգացողությունները: Բուժքույր Ռուզաննա Ավետիսյանի ազգագրական երգին միախառնվեցին Մայր աթոռի երկձայն հոգևոր երգչախմբի տիրամեծար պատարագի, Լոռու մարզի 30-ամյա ազգագրական երգչախմբի աշխարհիկ խաղիկներին` Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ Սաղմոսավանքում արական երգչախմբի կողմից Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի երաժշտալեզվով հնչեցվող երկնառաք աղոթքի այլաթրթիռ ելևէջները: Դուդուկի, դհոլի ու զուռնայի նվագակցությամբ Ալաշկերտի շուրջպար բռնած Վարդանյան քույրերից էապես տարբեր իրենց հայկական զգացողություններով համակեցին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի նորօրյա նաիրուհիները: Լավաշ հացի անուշ բուրմունքով պարուրվեցին Սբ. Հռիփսիմեում մկրտվող սփյուռքահայ մանուկները, հաշմված արցախյան ազատամարտիկը, կարմրահանդերձ լարախաղացը, խաչքարագործ Հրաչ Կարապետյանը, թառահար Տիգրան Դեմիրճյանն ու ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: «Ես ալ չգիտեմ, թե ինչ կնշանակե հայ,- քանիցս կրկնում է նշանավոր հայ տարագիրներից այս մեկի հախուռն պատասխանը Հակոբ Գուդսուզյանը` ասես բարձրաձայն մենախոսելով։- Բայց ես հայ եմ հազարավոր տարիների պատմությամբ: Բնությո՛ւնը որոշած է, որ ես հայ եմ: Դուն հայ ծնած ես, և քո ծնողները քեզմե 5 հազար տարի առաջ են եղել: Ինչպե՞ս կրնանք մեզի կորսնցնել»:
Ազգային արմատների դյուրըմբռնման գաղտնագիրը յուրովի է վերծանում հայր Աթանեսը. «Հայոց հարատևման կարևորագույն խորհրդանիշներն են եռանկյուն կազմում Հայաստանում: Էջմիածինը, որտեղ Քրիստոսն է իջել: Արարատը, որի վրա Նոյի տապանն է հանգրվանել որպես ավետյաց երկրի շեմին: Եվ քառագագաթ Արագածը, որի վրա կախված է Լուսավորչի մշտավառ կանթեղը»:
Հայաստանի հոգևոր ներուժի լիարժեք վերհանումը սփյուռքահայ կինոբեմադրիչի կենտրոնական հետաքրքրությունը դարձավ: Նկատելով օրվա իրական հերոսներից շատերի հանիրավի անտեսվածությունը, իր նկարահանման խցիկով ու վտիտ հնարավորություններով ձեռնարկեց ազգային ինքնությունը պահող-պաշտպանողների կինոփնտրտուքը: «Հերոսներ են նրանք, ովքեր մնում են Հայաստանում, պահում երկիրն ու պաշտպանում ազգը,- համոզված է տասնամյա փոխշփումներով մայր հայրենիքի իրատեսական նկարագիրը հիմնականում բացահայտած Հակոբ Գուդսուզյանը:- Տաղանդը Հայաստանում բխում է պարզապես, պակասություն չկա, չեն քաջալերում նրանց»:
Մեր ընդհանուր տպավորությամբ, հարկավոր հանրայնացման չի արժանանում նաև նրա հայապահպան կինոգործունեությունը: Առ-երևույթ պաշտոնապես քաջալերվելով` բավականաչափ լրջությամբ չի մատուցվում, պատշաճ գովազդվում: Ինչպես և սփյուռքահայ արվեստագետներից շատ շատերինը, ովքեր ինքնադրսևորման, ստեղծագործելու բարեբեր հող են փնտրում հայոց սուրբ երրորդության անմիջական ներգործության տիրույթում:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ